Հնդկաստանի Ջամմու եւ Քաշմիր նահանգի հյուսիսում գործող ահաբեկչական խմբավորումների գրոհայինների մոտ 60 տոկոսը հավաքագրվում է տեղի երիտասարդներից, հայտնում է Times of India-ն՝ վկայակոչելով հետախուզության իր աղբյուրները։

Ըստ թերթի՝ 2010թ. գրոհայինների շարքերում օտարերկրյա վարձկանները կազմում էին մոտ 60 տոկոս, սակայն հիմա նրանց թիվը 40 տոկոս է, իսկ մնացած 60 տոկոսը տեղի բնակիչներն են։

«Անցյալ տարվանից տեղական վարձկանների թիվը որոշակիորեն աճել է»,- նշում է նահանգի ոստիկանության գլխավոր տեսուչ Մուջթաբա Գիլանին։ Նրա խոսքով՝ «Լաշքար է Թաիբա» եւ «Հիզբ ալ Մուջահիդին» խմբավորումներն ավելի ու ավելի շատ են գրավում Ջամու եւ Քաշմիրի բնակչությանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ՝ օտարերկրյա վարձկանների եւ տեղի գրոհայինների միջեւ համակարգումը զգալիորեն լավացել է, եւ հիմա նրանք տեղի երիտասարդության վրա ազդեցություն ունեն։