Վատիկանի ֆիլատելիստական եւ դրամահատման գրասենյակն այս տարի տոնում է Հայ առաքելական եկեղեցու երկու նշանավոր գործիչների՝ երանելի Իգնատիուս Մալոյանի եւ Սուրբ Գրիգոր Նարեկացու հոբելյանները, հաղորդում է Վատիկանի պաշտոնական կայքը:
Նախ այս տարի լրանում է երանելի Իգնատիուս Մելոյանի նահատակության 100-րդ տարին, ով եղել է Թուրքիայի Մարդին քաղաքի արքեպիսկոպոսը եւ հայտնի է իր թեմի հանդեպ հավատարմությամբ, ինչպես նաեւ նրա նյութական, սոցիալական ու հոգեւոր կարիքների նկատմամբ ուշադրությամբ:
Նա մեզ է թողել Քրիստոսի հարության նկատմամբ իր հավատի վկայությունը, երբ կոչ էր անում իր հոգեւորականներին աղոթել եւ ամուր մնալ իրենց հավատքի մեջ, հաշվի առնելով 1915 թվականին հայ ժողովրդի դեմ ուղղված սպառնալիքների ու կոտորածների մասին լուրերը, որոնք ցնցեցին ոչ միայն Թուրքիան, այլեւ ողջ Եվրոպան:
Նա իր տանջալից մահից առաջ, երբ դահիճը փորձել է ստիպել նրան հրաժարվել հավատից՝ կյանքը փրկելու համար, ասել է. «Ես ասացի ձեզ, որ ապրելու եւ մեռնելու եմ հանուն իմ հավատի ու կրոնի: Ես հպարտ եմ իմ տիրոջ ու Աստծո խաչով»:
Այս տարվա ապրիլին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը սուրբ Գրիգոր Նարեկացուն «տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս է շնորհել: Նա իր կյանքի մեծ մասն ապրել է Նարեկ գյուղի վանքում, որտեղ խոնարհության ու մարդասիրության առկայության մեծ օրինակ է տվել:
Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա էր, և համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը։ Նա ծնվել է բանաստեղծների ընտանիքում եւ նաեւ աստվածաբանություն է ուսանել: Նա հայ գրականության մեծագույն բանաստեղծներից է: Նարեկացու գերեզմանը ուխտատեղի է դարձել հայ ժողովրդի համար, որոնք առաջին կոտորածների ժամանակ իրենց աղոթքներն են ուղղել Նարեկացուն:




























