Վարչական դատարանը 500 հազար դրամով տուգանել է Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանին՝ Գառնիի հեթանոսական տաճարի արքունական բաղնիքի դիմաց կառուցվող բացօթյա սեզոնային սրճարանի շինարարությունը կասեցնելու համար: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետն ասաց, որ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելուց հետո պատրաստ է վճարել տուգանքը:
«Ուզում ա` դատի տան, չտան, ով ուզում ա` լինի, տաճարի տարածքում չի կարող սրճարան կառուցել: Ես դատարանի վճռի խոնարհ ծառան եմ, ու պարտավոր եմ վճարել տուգանքը: Կարեւորն այն է, որ սրճարանը չի կառուցվի, ու մեր բոլորի պայքարի շնորհիվ դա հնարավոր եղավ»,-ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի մշակույթի նախարարության կողմից Գառնու հեթանոսական տաճարի արքունական բաղնիքի դիմաց կառուցվող բացօթյա սեզոնային սրճարանի շինարարությունը կասեցվեց գյուղապետի եւ գյուղացիների բողոքի ակցիաների շնորհիվ։ Ապօրինի շինաշխատանքների համար, ըստ կարգի, մարզպետարանը որոշել էր իր իրավասությունների շրջանակում տույժ-տուգանքի ենթարկել մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին: ՊՈԱԿ-ն էլ դատի էր տվել Գառնու գյուղապետին՝ շիանարարական աշխատանքները խոչընդոտելու եւ կասեցնելու համար:




























