Հանրապետության հրապարակում արդեն 3-րդ օրը շարունակվող, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի ստորագրահավաքին հավաքվել է շուրջ 2000-ից ավելի ստորագրություն:
NEWS.am-ի հետ զրույցում ազատամարտիկն ասաց, որ ստորագրահավաքը անցկացնում է հիմնականում երեկոյան ժամերին:
«Գալիս եմ երեկոյան ժամը 20:00-ին եւ մնում մինչեւ 22:30-ը: Սա էլ իմ ներքին աուդիտն է, ուզում եմ տեսնել, թե մեր հանրությունը արդյոք պատրաստ է Սերժ Սարգսյանի հրաժարականի համար գործի անցնել: Նախագահին կապացուցենք, որ լցոնելով չի նախագահի աթոռին նստելը, գոյություն ունի ժողովուրդ, ժողովրդի կամք եւ պետք է ժողովրդին ծառայել»,-ասաց նա:
Սուսաննա Մարգարյանի խոսքով, Հանրապետության հրապարակում մարդիկ հերթ են կանգնում ստորագրահավաքին մասնակցելու համար:
«Մարդիկ այնքան սոված են, սոցիալական այն վիճակին են հասել, որ էլ ի վիճակի չեն իրենց նյութականն ապահովել: Աշխատատեղ չկա, տեսնում եք մարդկանց իրավունքները որքան են խախտվում, ինչ ոտնձգությունների են ենթարկվում այն մարդիկ, որոնք դուրս են գալիս պայքարի: Ամեն ինչ փոքր-փոքր կուտակվել է»,-ասաց նա:
Ազատամարտիկը տեղեկացրեց, որ չգիտի, թե ստորագրահավաքը երբ կավարտվի. «Հայաստանում ինչքան քաղաքացի ա մնացել, այդքանի համար պիտի այստեղ կանգնեմ: Հավաքված ստորագրությունները վերջում կուղարկենք ՀՀ գլխավոր դատախազին եւ նախագահին»:




























