Ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում ավարտվել է ՀԱԿ անդամներ Հովհաննես Հարությունյանի եւ Առաքել Սեմիրջյանի կողմից  նախկին քաղբանտարկյալ Քրիստափոր Էլազյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ  2010թ. հուլիսի 19-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ք. Էլազյանը գնացել է Երեւան քաղաքի Կորյունի 19ա  հասցեում գտնվող «Հայ ազգային կոնգրես»-ի գրասենյակ, որտեղ պետք է հանդիպեր  կոնգրեսի անդամ  Արմեն Խաչատրյանի հետ:

Սակայն Ք. Էլազյանը, չհանդիպելով Ա. Խաչատրյանի հետ, որոշել է սպասել:   ՀԱԿ անդամներ Հ. Հարությունյանը եւ Ա. Սեմիրջյանը, տեսնելով Ք. Էլազյանին, կանչել են նիստերի դահլիճ եւ երկուսով ծեծի ենթարկել՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հ. Հարությունյանին  եւ Ա. Սեմիրջյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: