«Գլենդել Հիլզի» հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել, կապված իր կողմից Գյումրիում կառուցված նորակառույց շենքում առաստաղի փլման հետ: Ըստ «Գլենդել Հիլզի» մեղավորը բնակիչն է, որ խախտել է ջահը կախելու կանոնները:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Գլենդել Հիլզ» ընկերության մասնագետները տվել են Գյումրիի Մուշ 2 թաղամասում շահագործման հանձնված բնակարաններից մեկում առաստաղի գաջային հատվածի վնասման եւ թափվելու պատճառների նախնական գնահատականը: Ըստ այդմ, շինարարության ընթացքում երկաթբետոնե աղյուսի (панель) մեջ ջուր է հավաքվել, որը որոշակի դեպքերում չի կարող նկատվել կամ բացահայտվել ստուգումների ընթացքում: Ժամանակի ընթացքում ջուրը ներծծվելով գաջապատ հատվածի մեջ եւ խոնավեցնելով այն, թուլացրել եւ վնասել է: Իսկ դրա վերջնականապես վնասմանն ու թափվելուն նպաստել է նույն առաստաղից ջահի տեղադրման (կախելու) կանոնների խախտումը. ջահը կախվել է ոչ թե ծանրության կենտրոն վերցնելով երկաթբետոնե կոնստրուկցիայի հատվածը, այլ առաստաղի գաջապատ հատվածը:

Շինարարական որեւէ չափանիշով տեղի ունեցածը փլուզում չի համարվում: Արդյունքում` այն վնասվել է ամբողջությամբ: Ի դեպ, հենց այդպիսի դեպքերի համար է մեր ընկերությունը հայտարարել երաշխիքային սպասարկման ժամանակահատված:

Ուշագրավ է, որ իրավիճակը որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվել է ուռճացված, մեկ աղբյուրից, առանց պատճառների մասին տեղեկանալու փորձի եւ որեւէ իրավասուի հետ խորհրդակցելու:

Ամեն դեպքում, ցավում ենք տեղի ունեցածի համար եւ տեղեկացնում, որ վնասվածքի հետեւանքներն ամբողջությամբ կվերացվեն: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ դեպքը եզակի է, եւ մյուս բնակարանների բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն»:

Հիշեցնենք, որ Գյումրիի նորակառույց «Մուշ-2» թաղամասում 16 շենքի 2-րդ մուտքի առաջին հարկի մեկ սենյականոց բնակարանում փլուզում է տեղի ունեցել: Ննջարանի առաստաղը գիշերը ժամը 1-ին ամբողջությամբ հայտնվել է հատակին:

Հիվանդ, 1-ին խմբի հաշմանդամ 73-ամյա ամուսինը եղել է անկողնում: Առաստաղից մեծ կտորներով պոկված ծեփոնները թափվել են նրա ոտքերին: Մելիքյանները ընդամենը մեկ ամիս է, ինչ ապրում էին «Գլենդել Հիլզի» կառուցած բնակարանում:Նրանք տեղափոխվել են, հաշվի չառնելով գազի, ջրի, լույսի բացակայությունը, մտածելով որ դրանք ընթացքում արագ կարգավորվող խնդրիներ են: Նրանք իրենց տնակը հանձնել են եւ հիմա գնալու տեղ չունեն, քանի որ այլեւս չեն ուզում այդ բնակարանում ապրել: Ի դեպ, «Գլեդել Հիլզից» նրանց զգուշացրել են, որ աղմուկ չբարձրացնեն, թե չէ, չեն վերանորոգի առաստաղը: