Շիրակի մարզում հրդեհը մարելիս մահացած փրկարարը Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարն էր, կոչումով՝ փոխգնդապետ: NEWS.am-ի տեղեկություններով՝ 52-ամյա Կարապետ Այվազյանը ԱԻՆ-ում աշխատում է 2003թ, մասնակցել է արցախյան ազատամարտին, նախկինում ուսուցիչ է աշխատել:
Կարապետ Այվազյանը երկու որդի ունի, մեկը գտնվում էր արտերկրում, բայց հոր մահվան գույժը ստանալուն պես վերադարձել է, մյուսը ապրում էր իր հետ, շուտով պետք է թոռ ունենար:
Մեզ հայտնի դարձավ, որ հրդեհը մարելու ժամանակ փրկարարը ինֆարկտ է ստացել, կոլեգաները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, բայց հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է: Նախկինում նա սրտից գանգատներ չի ունեցել, սակայն վերջին օրերին ասում էր, որ ինքնազգացողությունը այդքան էլ լավ չէ: «Մեծ հրդեհ էր, չորս կողմը ծխապատ գոտի, 40 աստիճան շոգ, 400 հա տարածք էր վառվում, բոլորը հագցնում էին, լարված վիճակ էր: Հավանաբար այդ լարվածությունն էլ հանգեցրել է սրտի վատանալուն»,-պատմեց մեր աղբյուրը:
Այսօր կկայանա մահացած փրկարարի հոգեհանգստի արարողությունը, իսկ վաղը՝ հուղարկավորությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 15-ին, ժամը 15.24-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Խարկով գյուղի մոտակայքում` «Անի» կայարանի ուղեկալի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 6 հրշեջ-փրկարար:
Ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ Անիի ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ` 1963 թ. ծնված Կարապետ Այվազյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ Գյումրի քաղաքի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.50-ին, մարվել` 02.05-ին: Այրվել է 400 հա խոտածածկույթ:





























