Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, օգոստոսի 17-ին ժամանել է Նյու Յորքի դատարան՝ մասնակցելու երդվյալ ատենակալների ընտրության ընթացակարգին:

Թրամփը դատարան է եկել լիմուզինով, թիկնապահների հետ եւ այնտեղ ողջ օրն անցկացրել Նյու Յորքի սովորական քաղաքացիների հետ՝ սպասելով ընտրության արդյունքներին:

Երեկոյան հայտնի է դարձել, որ Թրամփը չի ընտրվել ատենակալների կազմում, որից հետո լքել է դատարանի շենքը: Միլիարդատերը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ քարտը լրացնելիս«զբաղմունքի տեսակը» տողի դիմաց գրել է «անշարժ գույք»: Իր քայլը նա բացատրել է նրանով, որ հրաժարվում է իրեն քաղաքական գործիչ անվանել, հաղորդում է Associated Press-ը:

Reuters-ի փոխանցմամբ, 2006 թվականից Թրամփը 5 անգամ կանչել են դատարան՝ ատենակալների ընտրության համար, սակայն նա ոչ մի անգամ չի կատարել իր քաղաքացիական պարտքը: 2015-ին նա տուգանվել է 250 դոլարով՝ չներկայանալու համար: Հաջորդ անգամ նրան կարող են կանչել 6 տարի անց, հաղորդում է Lenta.ru-ն: