«Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանի վիճակը շարունակում է մնալ նույնը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
Նա նշեց, որ Արսեն Ավետիսյանը գտնվում է Դիմածնոտային բաժանմունքում, առայժմ վաղ է խոսել դուրս գրման մասին: Նրա մոտ հայտնաբերվել է քթի ոսկորի կոտրվածք՝ թեթեւ տեղաշարժով, ազդրի, թիակի թեթեւ սալջարդներ: Արսեն Ավետիսյանի քիթը «գիպսի» մեջ է, եւ նա դեռ չի կարողանում հստակ խոսել:
«Էյր Արմենիայի» տնօրենի հիվանդասենյակը հսկում են «Արմմոբիլ» անվտանգության ծառայության 2 աշխատակից: Ավելի վաղ նրա կինը դիմել էր նախագահին՝ ամուսնու անվտանգությունը ապահովելու խնդրով:
Հիշեցնենք, որ Air Armenia ընկերության ծեծված սեփականատեր Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը, հայտարարել էր, որ իր ամուսնուն ծեծել են ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: Ավետիսյանին ծեծի են ենթարկել 7-8 հոգի, մեծ թվով մարդկանց ներկայությամբ: Արսեն Ավետիսյանը դիմել է իրավապահներին։ NEWS.am–ի տեղեկություններով` գործի քննության շրջանակներում արդեն հարցաքննվել է թե նա, թե Ռուբեն Հայրապետյանն ու նրա երկու թիկնապահները:
NEWS.am-ին չի հաջողվել դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Ռուբեն Հայրապետյանից:





























