Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրության նոր նախագծի մի շարք դրույթներին:
Պարոն Բաղդասարյան, Սահմանադրության նոր նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին: Արդյոք Հայաստանում այս համակարգն արդյունավե՞տ կգործի:
Այդ հարցը երկար ուսումնասիրվել եւ քննարկվել է: Ապագան մոդելի փոփոխության մեջ է: Այլ խնդիր է՝ այս պարագայում այս համակարգը կաշխատի, թե չի աշխատի: Ընդհանուր առմամբ մոդելի փոփոխությունը միտված է ապագային, եւ այդ փոփոխությունը մենք պետք է կատարենք: Հիմա մեր բոլոր քննարկումները, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մենք ճիշտ կողմնորոշման արդյունքում կարող ենք ունենալ այնպիսի Սահմանադրություն, որը կարելի է կյանքի կոչել: Բնականաբար, առանց մանրակրկիտ ուսումնասիրությունների՝ ոչ իշխանությունը, ոչ քաղաքական ուժերն այդ քայլին չէին գնա:
Կարծիք կա, որ պատերազմական վիճակում գտնվող երկրի համար լավագույն տարբերակը կառավարման կիսանախագահական համակարգն է:
Ես այդպես չեմ կարծում: Անվտանգության հարցը երկար ժամանակ քննարկվել է, բայց մենք ունենք տարբեր երկրների օրինակներ, տարբեր մոդելների ուսումնասիրություններ: Այնպես որ կարծում եմ՝ այս հարցը կարգավորված է, եւ նման խնդիր մենք բնականաբար չենք ունենա: Մեր համար խնդիրը հենց անվտանգությունն է:
Պարոն Բաղդասարյան, Սահմանադրության նոր նախագծով ամրագրվում է երկփուլ ընտրությունների մասին դրույթը, որը Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է տեղափոխել Ընտրական օրենսգիրք: Ինչպե՞ս եք գնահատում այս դրույթի ներառումը:
Այո, այստեղ կա խնդիր եւ սա քննարկման առարկա է: Նախագիծը, որն առաջարկվում է, դոգմա չէ, վերջնականը չէ, պատահական չէ, որ պետք է լինեն քաղաքական խորհրդակցություններ: Կան դրույթներ, որոնք պետք է տեղափոխվեն Ընտրական օրենսգիրք: Բացի դրանից՝ այստեղ մենք ունենք կայուն մեծամասնության խնդիրը, որ չկրկնենք Իտալիայի օրինակը: Այնպես որ քաղաքական խորհրդակցությունների ժամանակ կգտնենք այնպիսի լուծում, որը խոչընդոտ չի լինի կառավարման համար:
Դուք կողմնակի՞ց եք երկփուլ ընտրությունների դրույթին:
Հարցին պետք է լուծում տրվի: Անձնական կարծիքները շատ են, սակայն մենք թիմային մտածելակերպ ունենք: Ինձ թվում է, որ մենք պետք է կարողանանք այնպիսի որոշում կայացնել, որ կայուն մեծամասնություն ապահովենք:
Պարոն Բաղդասարյան, չէ՞ որ այս դրույթով որեւէ քաղաքական ուժ արհեստականորեն է դառնում կայուն մեծամասնություն:
Հենց այդ պատճառով էլ մենք տարբեր առաջարկություններ ենք քննարկում, որ արհեստական որեւէ երեւույթ բացառենք: Ես կողմնակից եմ, որ Սահմանադրությամբ ամրագրվեն հիմնական դրույթները, իսկ մյուս խնդիրները լուծվեն ածանցյալ օրենքներով: Քննարկվում է նաեւ այն հարցը, որոշ դրույթներ կարելի է տեղափոխել Ընտրական օրենսգիրք: Չեմ ուզում վերջակետեր դնել եւ վերջակետերով խոսել: Առաջիկայում Ազգային ժողովում կսկսվի քննարկումներ նոր նախագծի վերաբերյալ: Այդ ժամանակ էլ շատ հարցեր կբարձրացվեն եւ պատասխաններ կտրվեն:
Սահմանադրության նոր նախագծով ամրագրվում է, որ ԱԺ-ում նոր խմբակցություններ չեն կարող ձեւավորվել, ինչը Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հանել: Ինչո՞վ է պայմանավորված նման դրույթի ներառումը:
Շատ վիճելի հարց է, քանի որ մոդայիկ է դարձել որեւէ քաղաքական ուժի շնորհիվ ԱԺ գալը եւ շատ կարճ ժամանակ հետո անկախ պատգամավոր դառնալ: Այդ պատճառով սա շատ վիճելի հարց է: Մենք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը գնահատում ենք, սակայն կա մտածելակերպի խնդիր, ամեն ինչ չպետք է հալած յուղի տեղ ընդունել: Այս դրույթը նույնպես քննարկվում է:
Նշվում է, որ Սահմանադրության նոր նախագիծը լայն հնարավորություններ է տալիս քաղաքացիական հասարակությանը: Իսկապե՞ս դա այդպես է:
Միանշանակ համաձայն եմ, եւ քաղաքական փոքրամասնություններին նույնպես լայն հնարավորություններ են տրվում: Համոզված եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները մանրամասն ուսումնասիրել են նախագիծը եւ համոզվել, որ այս հարցը լրջորեն է դրված եւ բավականին ընդլայնված է նրանց հնարավորությունները:
Սահմանադրության նոր նախագծով մի շարք պատասխանատու պաշտոնյաներ, այդ թվում ԿԲ, ԿԸՀ նախագահները, գլխավոր դատախազը ընտրվելու են ԱԺ 3/5-րդ մեծամասնության կողմից: Հնարավո՞ր է Հայաստանում քաղաքական մեծամասնությունն ու ընդդիմությունը լինեն համակարծիք լինեն այս հարցերում:
Կարեւոր գրավական է, որ քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչներն անմիջապես մասնակցություն են ունենում այս կարեւորագույն խնդիրների լուծմանը:
Կարծում եմ՝ մենք պետք է այնպիսի մշակույթ ձեւավորենք, որ մեր քաղաքական ուժեր՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, սկզբունքային հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ: Մենք այդպիսի օրինակներ ունենք: Իշխանությունն ու ընդդիմությունը ժամանակին միասնական են եղել, երբ հարցը վերաբերել է հայ-թուրքական հարաբերություններին, Ղարաբաղյան խնդրին, Ցեղասպանությանը:
Թեեւ իշխանության ներկայացուցիչները, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, տարբեր մասնագետներ բարձրաձայնում են այս նախագծի դրական հատկանիշների մասին, այնուամենայնիվ, ընդդիմադիր ուժերը դեմ են Սահմանադրական բարեփոխումներին:
Այդ ընդդիմադիր ուժերը դեմ են, որովհետեւ իշխանությունն է առաջարկում, կարելի է ասել՝ չկամություն են անում: Սկզբնական շրջանում ավելի բարդ էր իրավիճակը. առանց կարդալու հայտարարում էին, թե դեմ են Սահմանադրական բարեփոխումներին: Հետո աստիճանաբար քաղաքական դաշտում եկանք մի վիճակի, երբ նրանք սկսեցին կարդալ նախագիծը, ուսումնասիրել եւ բանակցել իշխանության հետ, ասել է թե սառույցը տեղից շարժվեց:
Չեմ կարծում, որ քաղաքական ուժն առանց ուսումնասիրելու հայտարարի, թե դեմ է: Եթե դեմ է, պետք է համոզիչ փաստարկներ բերի, առողջ քննադատություններ ներկայացնի քաղաքական խորհրդակցությունների ժամանակ:
Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը





























