«Նաիրիտ» գործարանի նախկին մոտ 5 տասնյակ աշխատակիցները, որոնք այսօր`օգոստոսի 19-ին, բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մոտ, հրաժարվել են հանդիպել «Նաիրիտի» տնօրեն Ռուբեն Սաղաթելյանի հետ:

«Պիտի գային, ասեին` այ էս բանը ծուռ ա, որ մենք էլ ասենք` ծուռ ա, թե ոչ, բայց չբարեհաճեցին գալ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաղաթելյանը:

«Նաիրիտի» տնօրենի խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչ նոր պահանջներ ունեն «Նաիրիտի» աշխատակիցները. «Չենք հասկանում, թե ինչի շուրջ են բողոքում: Իրենց պահանջը աշխատավարձն էր, պարտքերը բոլոր մարվել են: Այսօր այնտեղ եղել է 10 մարդ, ինչ էլ անես` ինչ–որ բողոքող կգտվնի՝ հիմնավոր թե անհիմն»:

Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մոտ հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պահանջել են պատասխանել դեռ հուլիս ամսին նախարարին ուղղված իրենց  նամակին եւ պարզաբանել իրենց պայմանագրի որոշ կետեր, սակայն նախարարությունում նրանց չեն ընդունել, ավելի ուշ նաիրիտցիներին մոտեցել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը, ապա` նախարար Երվանդ Զախարյանը։

Նաիրիտցիներն իրենց նամակում մի քանի պահանջ են ներկայացնում`

աշխատավարձերը խոստացված ժամանակում պատշաճ չվճարելու դեպքում գործարանի հետ աշխատակիցների կնքած պայմանագրերը` տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին, անվավեր ճանաչել, պարզաբանել, թե որքանով է իրավաչափ տույժ-տուգանքներից հրաժարվելու մասին պայմանագրի ստորագրումը իրենց հետ, եւ թե ինչպես է լուծվելու աշխատավարձերի ուշացման համար դատարան դիմած եւ դատը շահած նաիրիտցիների ծախսերի փոխհատուցման խնդիրը։

Նշենք, որ Կառավարությունը փոխանցել է բոլոր նաիրիտցիների աշխատավարձային պարտքերը: Գործարանի աշխատակիցների աշխատավարձը հատկացնում է պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին: Ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից: