Ռուսաստանցիների կեսից ավելին (56%) համարում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատը նրան ամբողջական տեղեկատվություն չի տրամադրում այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում երկրում:  Այդ մասին են վկայում հարցման տվյալները, որը «Լեւադա» կենտրոնն անցկացրել է  «Գազետա.ռու»-ի համար:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այդ  56%-ից 14%-ը ենթադրում է, որ երկրի ղեկավարից թաքցնում են ամբողջ ճշմարտությունը, իսկ 42%-ը կարծում է, որ ռուսական առաջնորդի ստացած տեղեկությունները «կիսատ են եւ աղճատված»: Պատասխանողների 31%-ի կարծիքով Պուտինը հավաստի տեղեկություններ է ստանում:

Միաժամանակ, հարցման մասնակիցների մեծամասնությունը կարծում է, որ ռուսաստանցիները չեն ամաչում անկեղծ խոսել Պուտինի հանդեպ իրենց վերաբերմունքի մասին: Հարցվածների 16%-ը համոզված է, որ գրեթե բոլորն ազնիվ  են պատասխանում, իսկ որ «մեծամասնությունն անկեղծ է պատասխանում», կարծում է հարցվածների 32%-ը: 31%-ի կարծիքով «կեսն անկեղծ են պատասխանում, կեսը` չէ»:  14%-ն էլ կարծում է, որ ռուսաստանցիները թաքցնում են պետության ղեկավարի մասին իրենց կարծիքը:

Մասնակիցների 38%-ը համոզված է, որ Ռուսաստանում քաղաքականության մասին կարելի է բացահայտ խոսել միշտ եւ ամենուր: Որոշ սահմանափակումների գոյության մասին հայտարարում է 33%-ը, իսկ 10%-ը «վախենում է կամ էլ իրեն շփոթված է զգում»: