Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանի ընկերությունների դեմ մի շարք դատական հայցեր են ներկայացվել, բայց խոսքը ընդամենը մի քանի միլիոն դրամների մասին են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագած Ախոյանը:

Նա նշեց, որ դատական հայցեր ներկայացրել են մատակարար ընկերությունները, որոնց հետ ինչ-որ անհաշտություններ ունեն, օրինակ՝ հնարավոր է ապրանքն է անորակ տվել եւ նմանատիպ խնդիրներ:

«Մանր-մունր մի քանի հայցեր կան, կարող է ընկերությունը ինչ-որ բան չի կատարել, կարող է անորակ ապրանք են տվել,  մատակարարներ են դատարան դիմողները, վիճահարույց հարցեր կան, որը որոշել ենք դատարանով կարգավորվել, բայց այդ նույն ընկերությունները մի քանի միլիոնների ստանալիքներ ունեն,  բայց դատարան չենք դիմում՝ հասկանալով բոլորի վիճակը: Վիճարկվող գումարները չնչին են, այդպիսի գումարներ մենք հաճախ նվիրում ենք ուրիշներին»,-ասաց Արագած Ախոյանը: Նա նշեց, որ իր բիզնեսների վիճակն այնպիսին է, ինչպիսին բոլորի մոտ, այսինքն՝ շատ լավ չեն գործերը, բայց ոչ էլ սնանկացման վտանգ կա:

Նա նշեց նաեւ, որ ինքը 2006թ կապ չունի «Խաչարամ կոնսերվատորիա» ընկերության հետ, այն բացել է եւ տվել մեկ ուրիշին, բայց դա չի ուղղվել ԱՆ-ի կայքում:

Նշենք, որ  «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ֆինանսական լուրջ խնդիրների եւ դատական հայցերի մեջ են հայտնվել նաեւ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող ընկերությունները, եւ չի բացառվում, որ հաշվի առնելով մի շարք դատական հայցերը՝ պատգամավորը եւս սնանկ ճանաչվի:

Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» թերթւի Ախոյանը ԲՀԿ-ին դավաճանեց, որպեսզի փրկի ունեցվածքը, բայց կարծես թե չի ստացվում: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն է, լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել:

Տեղեկացանք, որ 2015թ հուլի- սի 31-ին «Էկոմիքս» ՍՊԸ-ն դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող ընկերությունից բռնագանձվի 2 միլիոն դրամ:

«Կարին» ՍՊՆ-ն էլ իր հերթին է 2015 դիմել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արագած Ախոյանին պատկանող ընկերությունից պահանջելով 2 միլիոն դրամ:

Իսկ, ահա, «Տուֆաբլոկների գործարան» ԲԲԸ-ն ոչ միայն դիմել է Արաբկիր դատարան՝ պահանջելով ընկերությունից բռնագանձել 2 միլիոն դրամ, այլեւ միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ պատգամավորին պատկանող ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչն այս գործով դատավոր Սամվել Թադեւոսյանը բավարարել է:

Այսինքն՝ պատգամավորին պատկանող ընկերությունն այս օրերին գտնվում է արգելանքի տակ: Նկատենք, որ Արագած Ախոյանին պատկանող միայն այս ընկերությունը չէ, որ դատական քաշքշուկների մեջ է հայտնվել: 2015 օգոստոսի 2-ին գրել էինք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ դատարանի միջոցով «Խաչարամ կոնսերվատորիա» ՍՊԸ-ից բռնագանձվի 950 հազար 400 դրամ: Իսկ, ահա, ըստ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տվյալների՝ «Խաչարամ կոնսերվատորիա» ՍՊԸ-ի համահիմնադիրը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն է: Այս գործերով դատական նիստերը դեռեւս շարունակվում են, հուսանք, որ պատգամավորը դատարանի միջոցով կկատարի իր պարտավորությունները, իսկ եթե ոչ, ապա պատգամավորին սնանկ կճանաչեն, եւ գործի կանցնի ԴԱՀԿ-ն»: