Հայ-ադրբեջանական սահմանին օգոստոսի 18-ին մարտական հենակետում՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով մահացած 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանի մարմինը հողին են հանձնել այսօր՝ օգոստոսի 20-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Վայոց ձորի Բարձրունի համայնքի ղեկավար Գագիկ Գեւորգյանը, որի համագյուղացին էր մահացած զինծառայողը:
Գյուղապետի խոսքով՝ հուղարկավորությանը մասնակցել են նաեւ Աշոտ Հովհաննիսյանի ծառայակից ընկերները, հրամանատարական կազմը:
Նշենք, որ Աշոտ Հովհաննիսյանը սոցիալապես անապահով ընտանիքից էր, մի քանի ամիս առաջ էր մտել ծառայության: Նրա հետ ծառայում էին նաեւ երկու եղբայրները:
Ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի արձակված կրակահերթի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով:





























