Պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարում (Դամասկոսից վեց կիլոմետրի վրա) վերջին երկու շաբաթվա ընթացքում որովայնային տիֆով հիվանդացման ավելի քան 100 դեպք է արձանագրվել: Այդ մասին  Sputnik գործակալությանը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քարիմ Շուքրը: 

Նրա խոսքով, խնդիրն ի հայտ է եկել աղտոտված ջրի եւ սննդի պատճառով:

Սիրիայի բժիշկների ընկերակցության ղեկավար Աբդուլ Կադեր Հասանը  Sputnik-ին հաղորդել է, որ երկրի առողջապահության նախարարությունը բազմիցս փորձել է դեղամիջոցներ հասցնել Յարմուկ, բայց ահաբեկիչները արգելափակում են մարդասիրական օգնությամբ շարասյուների ընթացքը: Նրա խոսքով, դեպք է արձանագրվել, երբ ահաբեկիչները կրակ են բացել Կարմիր Մահիկի մեքենաների վրա: 

 1957-ին պաղեստինցի փախստականներին տեղավորելու համար հիմնադրված «Յարմուկ» ճամբարը Դամասկոսից հեռու չէ: Ներկայումս ճամբարում մոտ   18 հազար մարդ է ապրում: Ապրիլի սկզբին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի գրոհայինները հարձակվել էին եւ գրավել պաղեստինական ճամբարի մեծ մասը: