Հայաստանի օլիգարխները կփորձեն փոխհատուցել էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքով առաջացած իրենց ծախսերը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Եթե նրանց խոշոր բիզնեսը պետք է վճարի լրացուցիչ մի քանի տասնյակ հազար դոլար, ապա նրանք պարզապես կմեծացնեն իրենց ստվերային հաշվառումը 1-2 տոկոսով: Որովհետեւ դժվար թե նրանք համաձայնեն զոհաբերել իրենց եկամուտները: Նրանք կանեն ամեն բան, որպեսզի որեւէ տեղից եկամուտ ապահովեն, եւ ամենայն հավանականությամբ, օգնության կկանչեն ԱԺ-ում եւ «վերեւներում» իրենց ունեցած «տանիքը»,-ասել է Մակարյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Հայաստանում էլէներգիայի սակագինը բարձրացել է 6,93 դրամով: Կառավարությունը սուբսիդավորում է այդ բեռը բնակչության համար, բայց ոչ խոշոր բիզնեսի համար:
Սուբսիդավորումը կշարունակվի մինչեւ «ՀԷՑ»-ում աուդիտի անցկացումը:




























