Հայ առաքելական եկեղեցին իսլամացած հայերին մկրտելու վերաբերալ պետք է հստակ դիրքորոշում եւ ընթացակարգ ունենա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Առաքելական եկեղեցին պետք է հստակ դիքրոշում հայտնի, որ մարդիկ իմանան, թե ինչ անկնալիքներ կարող են ունենալ: Պետք է իմանան, թե ինչպես դիմեն, ում դիմեն: Իսկ այսօր կուզեն` կմկրտեն, կուզեն` չեն մկրտի»,- NEWS.am-ին ասաց Հրանուշ Խառատյանը, որի խոսքով` այսօր անգամ սահմանված չէ`ովքեր են համարվում իսլամացած հայեր:

Տիկին Խառատյանը դեմ է, որ Հայ առաքելական եկեղեցին ճշտի յուրաքանչյուր մկրտվել  ցանկացողի գենետիկ անցյալը. «Դա եկեղեցու պատասխանատվությունը չէ: Անկախ նրանից, թե դիմողը ով է, մենք չպետք է նրա ակունքները հարցնենք, մենք պետք է նրա դավանանքի ընտրությունը հարցնենք, գուցե քուրդ է, թուրք է: Եթե մարդ դավանանք է ընտրում, ընտրում է նաեւ հավատի համար»:

Հրանուշ Խառատյանը կարծում է, որ հարկավոր է փոխել իսլամացած հայերի նկատմամբ ձեւավորված վատ վերաբերմունքը:

«Շատ են մարդիկ, որոնք ուզում են իսլամ դավանել, բայց հայ ճանաչվել: Մենք ամեն ինչ անում ենք, որ մերժենք հայ իսլամի գոյությունը։ Մարդիկ իսլամ են դավանում, բայց իրենց հայ են զգում, մենք նրանց հայ պետք է ընդունենք: Պետք է նրանց հետ ձեւավորենք  հայկական հարաբերություններ»,- նշեց տիկին Խառատյանը:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին չէր մկրտել Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանից Երևան եկած, 1915 թ. բռնի իսլամացած երեք հայերի ժառանգներին, որոնք ցանկություն էին հայտնել մկրտվել Հայաստանում և դառնալ քրիստոնյա։