Իսլամական գրոհայինն ու ոստիկանության տեսուչը զոհվել են ինդոնեզական Սուլավեսի կղզու կենտրոնական մասում երկու օր շարունակվող փոխհրաձգության ընթացքում:

Բախումների ժամանակ սպանվել է հայտնի ահաբեկիչ Բադոն, ում կասկածում են «Արեւելյան Ինդոնեզիայի մոջահեդներ» իսլամական կազմակերպությանը պատկանելու մեջ: Այդ կազմակերպության ղեկավարն է ինդոնեզացի ամենաորոնվող ահաբեկիչ Սանտոսոն: Ըստ երեւույթին Սանտոսոն նույնպես մասնակցել է Պոսո քաղաքաի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգություններին, սակայն նրան հաջողվել է թաքնվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սուլավեսի կղզին, որի կենտրոնական մասում մահմեդականների ու քրիստոնյաների թվաքանակը գրեթե հավասար է, 2000-2002 թթ դաժան բախումների վայր էր դարձել: Իրավիճակը կարգավորվել էր 2002 թ. համայնքների առաջնորդների միջեւ կնքված խաղաղ պայմանագրից հետո, սակայն վերջին տարիներին մի շարք շրջաններում նորից նկատվում է ծայրահեղականների աշխուժացում: