Ծաղկաձորում շարունակվում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որտեղ ներկայացված են Հայաստանի բոլոր տարածաշրջանների, Արցախի, Ջավախքի, սփյուռքի երիտասարդները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ջավախքի ջոկատի ղեկավար Էդգար Չախոյանը հավաքին մասնակցում է առաջին անգամ։ Ըստ նրա՝ շատ կարեւոր է Ջավախքի եւ տարբեր տարածաշրջաններ ներկայացնող երիտասարդների շփումը։
«Ջավախքի երիտասարդներն ունեն ուշադրության կարիք։ Նման միջոցառումներն օգնում են, որպեսզի կապը հայրենիքի հետ չկտրվի»,- նշում է Էդգար Չախոյանը։ Այս տարի առաջին անգամ հավաքին մասնակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանի, Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Ճգնաժամային կառավարման ակադեմիայի սաները։
Ռազմական ավիացիոն ինստիտուտի սան, կրտսեր սերժանտ Զավեն Մայիլյանը նշում է, որ մեծ ոգեւորությամբ են մասնակցում հավաքին։ Ասում է, որ մրցակցությունը շատ թեժ է, եւ իրենց ինստիտուտը ներկայացնող ջոկատը մրցանակային տեղերի է արժանացել պարանի ձգում, լող, բազկամարտ մրցաձեւերում։ Կրտսեր սերժանտը նկատում է, որ մրցակցությունը ջոկատների եւ ճակատների միջեւ ոգեւորող է, ինչն էլ հենց հավաքն ավելի հետաքրքիր է դարձնում։ Յուրաքանչյուրն աշխատում է առավելագույն արդյունքներ ցուցաբերել՝ հաղթանակ պարգեւելով իր թիմին։ Զավեն Մայիլյանը կապավոր է։ Խոսելով իր մասնագիտության մասին՝ ասում է, որ շատ պատասխանատու գործ է։ Աշխատում են լավ սովորել՝ հայոց բանակի անխափան կապն ապահովելու համար։ Իսկ «Բազեին» մասնակցությունը բազմազանություն է մտցնում իրենց ռազմական առօրյայի մեջ։
Նշենք նաեւ, որ «Բազե» հավաքին «Երեւան 1» ջոկատի կազմում մասնակցում է գրոսմայստեր, աշխարհի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն Զավեն Անդրիասյանը, որը շախմատի մրցույթում նարնջագույն ճակատում գրավել է առաջին տեղը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում անցկացվում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցում է մոտ 500 երիտասարդ։





























