Հայկական հասարակությունում կարծիքները բաժանվել են այն մասին, թե արդյո ք պետք էր մնալ Բաղրամյան պողոտայում «մինչեւ հաղթական ավարտը», թե՞ հեռանալ այնտեղից, բայց հետեւել աուդիտի ընթացքին:
Այդ մասին են վկայում Gallup ցանցը Հայաստանում ներկայացնող «Մարկետինգի հայկական ընկերակցություն» ՀԿ-ի անցկացրած հարցման արդյունքները: Հարցումներն անցկացվել են Երեւանում եւ շրջաններում 1 106 մարդու մասնակցությամբ:
Ինչպես օգոստոսի 21-ին լրագրողներին հայտնել է կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանը, հարցվածների 49%-ը հայտարարել է, որ երբ հուլիսի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց սակագնի թանկացումը բնակչության համար սուբսիդավորելու մասին, պետք էր չհեռանալ Բաղրամյան պողոտայից, մինչեւ թանկացումն ամբողջությամբ վերացվեր:
30%-ը կարծում է, որ փողոցի արգելափակումը վերացնելը ճիշտ որոշում էր, իսկ այժմ պետք է սպասել էներգոհամակարգի միջազգային աուդիտի արդյունքին եւ հետո որոշել, թե ինչ է պետք անել:
14%-ը կարծում է, որ պետք է մնալ Ազատության հրապարակում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ուղարկել` աուդիտը վերահսկելու եւ նրա ընթացքին հետեւելու: 7%-ը դժվարացել է պատասխանել:.
Եթե աուդիտի արդյունքում թանկացումն արդարացի համարվի, սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով: Հակառակ դեպքում պետությունը միջոցներ ձեռք կառնի «Հայաստանի Էլցանցերից» հավելյալ գումարը հետ վերցնելու եւ թանկացման համար մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար:
Միջազգային տենդերով ընտրված Deloitte & Touche CIS ընկերության խորհրդատվությունը կտեւի 16 շաբաթ:





























