«Հայոց աշխարհ» թերթը վերլուծություն է տպագրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարած պետական այցի վերաբերյալ: «Այժմ, երբ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի եւ ընդհանրապես Արեւմուտքի քաղաքական ակտիվությունը նվազում է, Ռուսաստանը փորձում է վերակենդանացնել իր ավանդական «կայսերական ճոճանակները» եւ Հայաստանի վրա հաստատուն հենվելով՝ դանդաղորեն «իր կողմը քաշել» Ադրբեջանին։ Նման հաշվարկը պահանջում է Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության ամրապնդումը զուգորդել Ադրբեջանի հետ տնտեսաքաղաքական ու ռազմատեխնիկական լայն համագործակցության հետ եւ երկու հակառակորդների միջեւ ստեղծել մրցակցություն` ավելի ռուսամետ դառնալու առումով։

Դա է պատճառը, որ անգամ նախագահ Դ.Մեդվեդեւի հայաստանյան ներկա այցի նախօրեին, արտգործնախարար Ս.Լավրովը Հանրային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում ո՜չ հերքեց, ո՜չ էլ հաստատեց ռուսական C-300 հրթիռները Ադրբեջանին վաճառելու հավանականությունը։  Ավելին՝ խորացնելով Հայաստանի հետ իր ռազմատեխնիկական համագործակցությունը եւ դրանով իսկ նվազեցնելով պատերազմի վտանգը, Ռուսաստանը հասկացրեց Ադրբեջանին, որ նա ռազմական ռեւանշի որեւէ շանս չունի, ուրեմն պետք է ծնկի գա եւ խնդրի իրեն գոնե Ղարաբաղին հարակից տարածքները վերադարձնելու հարցում։ Դրա համար տրվեց ժամանակ՝ մինչեւ Դ.Մեդվեդեւի այցը Ադրբեջան։ Բայց Բաքուն շտապեց եւ օգոստոսի 16-ին Թուրքիայի հետ ստորագրված պայմանագրով կրկին «ցույց տվեց իր պոզերը»։

Հարց է առաջանում. կարո՞ղ է ռուս-թուրքական հարաբերությունների խորացումը նպաստել Ղարաբաղի հարցով Ռուսաստանի ադրբեջանանպաստ քաղաքական վեկտորի ամրապնդմանը։ Կարող է, եթե Թուրքիան «բաց թողնի» Ադրբեջանը եւ այն դառնա Հավաքական անվտանգության պայմանագրի լիարժեք անդամ։ Մինչդեռ Թուրքիան ոչ միայն «բաց չի թողնում» կրտսեր եղբորը, այլեւ անգամ պատրաստակամություն է հայտնում պաշտպանել նրան հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի դեմ»,-գրում է «Հայոց աշխարհ»-ը: