Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը նշանակալի է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, ի պատիվ Ռուսաստանի նախագահի եւ նրա կնոջ նախագահական նստավայրում տրված պետական ընթրիքի:

«Պետական այց հասկացության էությունը խորհրդանշում է հարաբերությունների այն բարձրագույն մակարդակը, որ կարող է գոյություն ունենալ երկու պետությունների միջեւ: Եւ տվյալ այցը լավագույն հնարավորությունն է մեր հարաբերությունների դինամիկայի դիտարկման, որոշ արդյունքների ամփոփման եւ մեր դաշնակցային փոխգործակցության նոր նպատակների նախանշման համար»,- ասել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե «մենք հպարտանում ենք մեր ժողովուրդների միջեւ բարեկամական վաղեմի եւ ամուր կապերով, երկու պետությունների բազմակողմ եւ հաջող համագործակցությամբ»: «Հայ-ռուսական համագործակցությունը կովկասյան տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովման ամենակարեւոր բաղադրիչներից է: Դրա ապացույցն են այն կարեւոր հարցերը, որոնք մենք առաջիկայում կքննարկենք»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը խոսել է նաեւ հայ-ռուսական համագործակցությանը բնորոշ պատմական բարեկամության, վստահության, արժեքներին նվիրվածության հսկայական ժառանգության  կարեւորության մասին: «Ռուսաստանի նախագահի այսօր մեկնարկած պետական այցի առաջին իսկ րոպեից` ես եւս մեկ անգամ զգացի երկուստեք վստահություն, որ մենք կարող ենք առաջ շարժվել: Մենք կարո'ղ ենք եւ եռանդուն  կյանքի կկոչենք համատեղ նախանշված ծրագրերը»,- նշել է նախագահ Սարգսյանը: