Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, այսօր՝ օգոստոսի 20-ին, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել «Պատվո բլուրի» բացման հանդիսավոր արարողությունը։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ելույթ է ունեցել, որում մասնավորապես ասել է.
«Հարգելի բարեկամներ, ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի նախագահի հետ բացել «Պատվո բլուրի» հուշարձանը։ Այստեղ թաղված են 1855-ից 1877-78 թվականների մարտական գործողությունների ընթացքում զոհված ռուս սպաներ, զինվորներ եւ բժիշկներ։ Ռուսաստանի բոլոր քաղաքացիների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել եղբայրական Հայաստանի ղեկավարությանը եւ ժողովրդին մեր զինվորականների հանդեպ հարգալից վերաբերմունքի համար»։
Դմիտրի Մեդվեդեւը մեջբերել է Իվան Տուրգենեւի խոսքերը, ով 1877 թվականին ասել է. «Երիտասարդ լինեի, ինքս կգնայի այնտեղ», հետո հիշեցրել է ռուս այլ դասական Լեւ Տոլստոյի խոսքերը՝ «Ամբողջ Ռուսաստանն այնտեղ է, ես էլ պետք է գնամ»։
«Ռուս զինվորների հետ ուս-ուսի տված կռվել են հայկական աշխարհազորի զինվորները, ինչպես նաեւ այլ ազգությունների հազարավոր խաղաղ բնակիչներ՝ հայեր, վրացիներ, օսեր։ Նրանք պայքարել են հայրենի հողի անկախության համար, ցուցաբերել խիզախություն եւ կայունություն։ Կարեւոր է, որ քաղաքական եւ կոնյուկտուրային հարաբերությունները չգերակայեն պատմական ճշմարտության նկատմամբ, ինչը բազմիցս եղել է պատմության մեջ։ Այդ պատերազմներում ծնվել է մեր երկու ժողովուրդների մարտական եղբայրությունը, ձեւավորվել է միմյանց փոխաջակցելու ավանդույթը, իսկ ավելի ուշ՝ հայրենական պատերազմի տարիներին թրծվել մեր ընկերությունը»-հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ այդ ավանդույթները զգուշորեն պահպանվում եւ ամրապնդվում են նաեւ մեր օրերում։
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին եւ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի գործունեությանը, եւ շարունակելու ենք արդյունավետորեն օգտագործել այդ կառույցների պոտենցիալը խաղաղության եւ կայունության ամրապնդման, ինչպես նաեւ Կովկասի ողջ տարածքում կնճռոտված խնդիրները լուծելու եւ ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարելու համար:
Ելույթի ավարտին Դմիտրի Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել հայերին, հայկական եւ ռուսական համայքներին եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են «Պատվո բլրի» կանգնեցմանը։
«Թող այս հուշահամալիրը հիշատակ լինի մեզ եւ մեր սերունդներին մեր ընդհանուր պատմության անմոռանալի էջերի մասին, այն կդառնա եղբայրության, դաշնակցային հարաբերությունների եւ Հայաստանի ու Ռուսաստանի բազմադարյա ընկերության խորհրդանիշը»,-ասել է նա։



























