«Ժամանակ» թերթը գրում է, որ նախօրեին նախագահական նստավայրում Սերժ եւ Ռիտա Սարգսյանների կողմից ի պատիվ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կազմակերպված պետական ընթրիքը բավական ճոխ է եղել: «Ավելի ճոխ է եղել հյուրերի կազմը՝ էլ Ռոբերտ Քոչարյան ու Գագիկ Հարությունյան, էլ Կարեն Կարապետյան ու Սեյրան Օհանյան, Արմեն Գեւորգյան, Ներսես Երիցյան, էլ Գալուստ Սահակյան, էլ Ռազմիկ Դավոյան: Մի խոսքով, իշխանական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ավելին՝ հյուրերին իր ներկայությամբ պատվել է վաղուց արդեն մոռացության մատնված քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն, որ Մեդվեդեւի ողջ ելույթի ընթացքում դեպի ամբիոնը մեջքով նստած Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ չի շարժվել դեպի ՌԴ նախագահը. Եւ դա չնայած նրան, որ բոլոր ներկաները ձգտում էին նկատելի հետաքրքրությամբ լսել Մեդվեդեւին: Քոչարյանի տրամադրությունը, ըստ ընթրիքի տեսագրության, այնքան էլ լավ չէր»,-գրում է թերթը:



























