Հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու համար 11 տարվա ազատարկման դատապարտված Բավական Խաչատրյանը նախաքննական  ցուցմունքում գործին քրոջ ներգրավվածության մասին կեղծ ցուցմունք է տվել, քննիչների սպառնալիքներին եւ ծեծին տեղի տալով։ Այս մասին Բավական Խաչատրյանը այսօր` սեպտեմբերի 7–ին, հայտարարեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվում է նրա ցուցմունքի հիման վրա քրոջ` Հերիքնազ Խաչատրյանի դեմ քրեական գործը։

«2013թ. ապրիլին ինձ կանչեցին ոստիկանություն: Մի սուտկա սոված-ծարավ պահեցին, ծեծեցին, ջարդեցին: Սպառնացին, որ մորս ու ախպորս կբերեն բաժին: Էլ ի վիճակի չէի, ասեցի` ինչ ուզում եք, կգրեմ: Քննիչները ստիպեցին, որ ես տամ քրոջս անունը, չհասկացա, թե ինքն ինչ գործ ուներ իմ բռնած գործերի հետ: Թելադրեցին, գրեցի, հետո սկի չթողեցին էլ կարդամ, բայց ստորագրեցի»,-պատմեց Բավականը` ավելացնելով, որ բաժնում իրեն ծեծի ենթարկելու փաստով հաղորդում է տվել Քննչական կոմիտե, սակայն քրեական գործը կարճվել է:

Բավականի խոսքով` աղջիկներին հավաքագրելիս ինքը իսկապես տվել է քրոջ անունը, սակայն այլ նպատակով` որպեսզի  աղջիկներ վստահությունը շահի։ Նա աղջիկներին ասել է, որ քույրը Դուբայում է եւ նրա գործերը շատ լավ են, այնինչ այսօր դատարանում նա հայտարարեց, որ քույրն այդ ժամանակ Ռուսաստանում է եղել եւ իր գործերից տեղյակ չի եղել, ավելին` 2005-ից ինքը քրոջ հետ ընդհարված է եղել եւ նրա հետ կապ չի ունեցել, տնեցիներից լսել է` քույրը գերմանացու հետ է ամուսնացել, եւ կարծում է` դժվար թե ամուսինը նրան թույլ տար մարմնավաճառների հետ համագործակցել։

Քրոջ ցուցմունքը զայրացրեց ամբաստանյալ Հերիքնազ Խաչատրյանին. «Դրա համար տարար, կոխիր ծակը»։

Բավական Խաչատրյանը վստահեցրեց, որ Դուբայ մեկնող 5 աղջիկներն իրենք են ցանկացել այնտեղ աշխատանքի մեկնել, իմացել են` ինչ աշխատանք են կատարելու, բոլորն էլ պրոֆեսիոնալ մարմնավաճառներ են եղել. ինքը միայն օգնել է նրանց այնտեղ հասնել:

Դուբայում մի ծանոթ է ունեցել Անահիտ անունով, որին «քույր» է ասել: Աղջիկները մտածել են` Բավականը Հերիքնազի հետ է խոսել: Աղջիկներին օգնելու համար Բավականը կապվել է «Անոյի» հետ, հայտնել, որ իր մոտ աշխատելու ցանկություն ունեցող աղջիկներ կան: Անոն համաձայն էլ է կազմակերպել նրանց տեղափոխումը եւ գումար է ուղարկել ճանապարհածախսի համար, իսկ վիզաները համացանցով է ուղարկել:   

«Ելենան (խմբ. տուժողներից մեկը) ասեց` նեղն եմ, պարտքեր ունեմ, տոկոսների տակ եմ, ուզում եմ գնամ Դուբայ, աշխատեմ: Ասեցի` կզանգեմ քրոջս. Անոյին նկատի ունեի: Գիտեր` ինչ պետք ա աներ, պրոֆեսիոնալ մարմնավաճառ էր, ասում էր` դրանից բացի բան անել չգիտեմ ու լավ եմ անում: Ոսկեղենս զալոգ դրեցի, իրա մանր պարտքերը փակեցի, Անոն էլ ճանապարհածախսն ուղարկեց, գնաց: Հետո մերը զանգեց, ասեց` Ելենան ուզում ա հետ գա, փող ուղարկի: Զանգեցի Անոյին` ասեց 600 դոլար ու մի հատ հեռախոս տվել, ճամփել են: Գործը լավ չէր անում, տեսքը չէր համապատասխանում, հետո խմած էր գործի դուրս գալիս, վեննա-մենա էր քցում: Ելենան ուզել ա` մի ամիս էլ մնա աշխատի, բայց Անոն ճամփել ա Հայաստան»,- ասաց Բավական Խաչատրյանը` հերքելով Ելենա Նիկողոսյանի ցուցմունքները, թե ինքը կամովի է վերադարձել Հայաստան:

Դատապարտյալը նաեւ խոստովանեց, որ Դուբայ աղջիկներ տեղափոխելու նպատակով համագործակցել է Իջեւանից ոմն Նվարդի հետ, որի հավաքագրած աղջիկները վերջին պահին հրաժարվել են մեկնել Դուբայ, երբ իմացել են, որ իր քույրը` Հերիքնազ Խաչատրյանը, այնտեղ չէ:

Բավական Խաչատրյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին` սեպտեմբերի 19-ին:

Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով, այն է` կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձանց մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ենթարկելը: Նույն գործով Հերիքնազի քույրը` Բավական Խաչատրյանն արդեն դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։