Երեւանի կոնյակի գործարանը կշարունակի ապագա բերքի հաշվին ֆերմերներին պարարտանյութ տրամադրել: Այս մասին սեպտեմբերի 7-ին լրագրողներին ասաց ԵԿԳ գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը:

Այս տարի գործարանը 250 մլն դրամի չափով (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 515 հազար դոլար - խմբ.) պարարտանյութ է բաժանել: Դրանց համար ԵԿԳ-ն ֆերմերներից գումար կվերցնի բերքի մթերումից հետո, առանց որեւէ տոկոսային հաշվարկի:

Գործարանը խաղողի մթերման ժամանակացույցը կազմել է յուրաքանչյուր ֆերմերի հետ առանձնաբար՝ նվազագույնի հասցնելով ուշացումներն ու հերթերը:

Planet Finance խորհրդատվական ընկերության աջակցությամբ այս տարի ԵԿԳ-ն խորհրդատվական ծրագիր է իրականացրել Տավուշի մարզում: «Մենք ուսումնասիրել ենք ֆերմերային կոոպերատիվներ ստեղծելու հարցում օգնության հնարավորությունը, ինչպես նաեւ շուրջ 15 մլն դրամի պարարտանյութ ենք տրամադրել: Ծրագրվում է 5 տարվա ընթացքում խաղողի այգիների բերքատվությունն այստեղ բարձրացնել 40%-ով»,- հայտարարեց Առաքելյանը:

Նշենք, որ Երեւանի կոնյակի գործարանը Հայաստանի խոշորագույն արտահանողներից եւ հարկատուներից է: