Հայաստանի  կրթության եւ գիտության նախարարությունում հրավիրվել է  միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել է 2016 թվականի պետական բյուջեի գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրով բյուջետային հայտի առաջարկը: Խորհրդակցությունը  վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ՀՀ  ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, շահագրգիռ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ներկայացնելով առաջարկը, գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը տեղեկացրել է, որ հիմնականում պահպանվել են նախորդ տարվա գիտական ծրագրերի գերակայությունները: Ընդհանուր առմամբ, գալիք տարվա բյուջեի նախագծով առաջարկվում է ոլորտին հատկացնել 14 մլրդ 400 մլն դրամ գումար: Քննարկման ընթացքում ներկայացվել են մտահոգություններ ու առաջարկություններ՝ ֆինանսավորման ծավալների առնչությամբ:  

2016 թվականի Գիտության ոլորտի հատկացումների աճը հիմնականում ուղղվելու է Եվրոպական Միության  Հորիզոն 2020  գիտական ծրագրի անդամակցության վճարի կատարմանը՝ ակնկալիքով, որ հետագայում Հորիզոն 2020-ի շրջանակում  ՀՀ գիտական համակարգը կընդգրկվի   դրամաշնորհային տարբեր  ծրագրերում՝ ապահովելով ֆինանսական հոսքեր գիտության ոլորտում:

Միջգերատեսչական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բյուջետային հայտին, որը  սահմանված կարգով կներկայացվի կառավարություն, որտեղ կընթանան հիմնական քննարկումները եւ հայտը, ստանալով  վերջնական տեսք կներկայցվի ԱԺ  քննարկմանը: