Մեր  հասարակությունն այսօր որպես  օտար լեզու,  մեծամասամբ, գերադասում է անգլերենն  ու ամեն տեսակ ճնշման են ենթարկում տնօրեններին, որոնք էլ աշակերտ չկորցնելու համար, տեղի են տալիս ու աստիճանաբար ֆրանսերենն ու  գերմաներենն իրենց տեղը զիջում են անգլերենին: Նման ահազանգ է հնչեցնում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով, կրթության նախարարությունն ու Երեւանի կրթության վարչությունը, չնայած նախարարի կոշտ հորդորին, որ այդպես չի կարելի, չեն կարողանում  այս մտածելակերպը փոխել: «Հատկապես ֆրանսերենի դեպքում զարմանալի է քաղաքապետարանի լուռ համաձայնությունն այն դեպքերում, երբ ծնողների ճնշման տակ որոշ դպրոցներում ֆրանսերենն աստիճանաբար դուրս է մղվում: Եվ սա այն դեպքում, երբ Երեւանն ընդրկված լինելով  ֆրանկոֆոն քաղաքների ցանկում, հոկտեմբերին այստեղ հյուրընկալելու  է միջազգային համաժողով, որը ենթադրում է, որ  պետք է  ներկայացվի այս ուղղությամբ Երեւանի դպրոցներում  ֆրանսերենը, որպես օտար լեզու, տարածելու ուղղությամբ կատարված  աշխատանքները:

Մեր ծնողներին պետք է հստակ ասվի, որ Հայաստանի բուհերն այսօր շատ  սերտ համագործակցում են Եվրոպայի բազմաթիվ երկրների բուհերի հետ, որտեղ լեզուն ֆրանսերենն ու գերմաներենն է: Մեր եւ եվրոպական բուհերի միջեւ իրականացվող բազմաթիվ ծրագրերի շնորհիվ այդ օտար լեզուներին տիրապետող շատ երիտասարդներ իրենց մասնագիտությունների մեջ հմտանալու եւ կատարելագործվելու հնարավորություններ են ունենում Եվրոպայում:  Հատկապես Գերմանիայում, որտեղ բուհական կրթությունն  արդեն անվճար է բոլորի համար:

Յուրաքանչյուր դպրոցում, ստեղծման պահից նախարարության որոշմամբ է դասավանդվում առաջին օտար  լեզուն,ինչպես օրինակ, Շենգավիթում, իսկ երկրորդ օտար լեզուն  մանկավարժական  խորհրդի որոշմամբ կարող է դասավանդվել 5-րդ դասարանից:

Հարգելի ծնողներ, խնդրում եմ, մի՛ միջամտեք դպրոցում օտար լեզվի ընտրության գործընթացին , դա դպրոցի ներքին խնդիրն է»,- նշել է Անահիտ Բախշյանը: