Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան նախկին աշխատակից Անար Հասանովը դեսպանի մասնակցությամբ խարդախություններ է բացահայտել։
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Անար Հասանովը հայտարարել է, որ իրեն հալածում են Ադրբեջանի դեսպանատանը կաշառակերության դեպքեր բացահայտելու համար։ Նրա խոսքով՝ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպան Ռովշան Ջամշիդովը զբաղվել է ծխախոտի եւ ալկոհոլի ապօրինի բիզնեսով։ Իմանալով այդ մասին՝ Հասանովը տեղյակ է պահել պատկան մարմիններին։ Դեսպանատան նախկին աշխատակցին պատասխանել են, որ դեպքի առնչությամբ հետաքննություն կընթանա։ Սակայն դրա փոխարեն Բաքվից եկել է արտգործնախարարի հրամանն այն մասին, որ Հասանովին հետ են կանչում։
«Քանի որ կինս հղի է, եւ նրան արգելված է ինքնաթիռ նստել, մենք չենք կարողացել վերադառնալ Բաքու։ Հիմա ապրում ենք տեղական ՀԿ-ներից ստացվող օգնության հաշվին»,- ասել է Հասանովը՝ նշելով, որ իրեն զրպարտել են։





























