Սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Թոմաս Հալյեյին, ով ավարտում է իր առաքելությունն Արցախում:

Հանդիպման ընթացքում Թոմաս Հալյեն Կարեն Միրզոյանին է ներկայացրել Դրագոսլավ Բլաժեւիչ Չիրոյին, որն առաջիկայում կզբաղեցնի ԼՂՀ-ում ԿԽՄԿ առաքելության ղեկավարի պաշտոնը:

Կողմերը քննարկել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել առաքելության առաջիկա ծրագրերին:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի եւ ԼՂՀ համապատասխան պետական ատյանների միջեւ հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ։  ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության  ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը: