Հայ-ռուսական մեզալիանսի երեւույթները (անհավասար հարաբերություններ), որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի ընթացքում ուղեկցվեցին ստորաքարշության խրախճանքով, խորը հիվանդության թարախային բշտիկներ են։ Օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը՝ անդրադարձ կատարելով Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցին։
Նախկին ՀՀՇ-ական գործչի համոզմամբ, մեր իշխանությունների պետականաստեղծ ապաշնորհ գործողությունների արդյունքում, Հայաստանը հասել է մի հանգրվանի, ուր ստիպված է ավելի պինդ գրկախառնության մեջ մտնել Ռուսաստանի հետ: «ՀԱՊԿ-ի, ինչպես նաեւ երկողմ հարաբերությունների շրջանակներում, այդ երկիրը Հայաստանի հետ հարաբերությունները կառուցում է իր կայսերապաշտական նկրտումներից ելնելով»,- նկատեց Ռուբինյանը՝ ասվածի ապացույց համարելով նաեւ ռուսական լրատվամիջոցների տված այն գնահատականները, թե Ռուսաստանը ռազմական առումով վերանվաճում է նախկին Խորհրդային տարածքը. «Սա Ռուսաստանի համար բարոյական առավելություն է, իսկ Հայաստանն անընդհատ զիջողի եւ ինչ-որ բան կուլ տվող կարգավիճակում է»,- շեշտեց ԱԺ նախկին փոխխոսնակը՝ ավելացնելով, որ ինքը չի կարող կիսել իշխանությունների հրճվանքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրկախառնությունը մի օր կարող է մահացու լինել մեզ համար:



























