Շատ կարեւոր է, որ Ադրբեջանը ռազմական գերակայություն չզգա։ Այս իմաստով պետք չէ չափազանցնել ռազմական ոլորտում Ռուսաստանի եւ Ադրբեջանի մերձեցումը։
Այս մասին սեպտեմբերի 8-ին՝ «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունների ներկայիս վիճակն ու հեռանկարները» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում Մոսկվան 200 մլն դոլարի վարկ է տրամադրել ժամանակակից սպառազինություններ գնելու համար։ «Այս սեպտեմբերից նոր լարվածություն է սկսվել։ Ինձ՝ որպես ռազմական փորձագետի, դա դուր չի գալիս։ Օգտագործվող զինամթերքի մակարդակը գնալով բարձրանում է։Մենք տեսնում ենք, որ մահանում են ոչ միայն ճակատի գծում գտնվող մարդիկ, հակամարտությունը ծավալվում է։
Ռուսաստանը կողմ է իրավիճակի կարգավորմանը եւ դեմ է լարվածության սրմանը։ Պետք է բարձրացնել ծանր զինամթերքը որոշակի հեռավորության վրա հետ քաշելու հարցը։ Իրավիճակը սրվում է, եւ այդ մասին պետք է բացահայտ ասել»,- նշել է փորձագետը։
Հարցին, թե կարելի է ենթադրել, որ սպառազինություններ գնելու համար Ռուսաստանի տրամադրած գումարը վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացը զիջում է իր դիրքերը, Վլադիր Եվսեեւը պատասխանեց. «Ռուսական վարկը ուժերի բալանսը վերականգնելու հնարավորություն է տալիս։ Դրանից հետո բանակցությունների պայմանները կբարելավվեն։ Եթե շփման գծում ուժերը հավասարակշռված են, կարելի է բանակցել ծանր սպառազինությունները հետ քաշելու շուրջ»։





























