Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը բողոք է ներկայացրել դատախազի որոշման դեմ, որով վերացվել է իր եւ մեկ այլ փաստաբան Նազելի Վարդանյանի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշումը:
Նշենք, որ Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը): Նա եւ Նազելի Վարդանյանը երկու տարի առաջ դատարանում հրապարակել էին մի փաստաթուղթ, ըստ որի իրենց վստահորդի մեղադրանքի հիմքում դրված է եղել հոգեկան հիվանդություն ունեցող վկայի ցուցմունք:
NEWS.am-ի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը պատմեց, որ իրենք անձնական միջոցներով չեն կարողացել գտնել այդ ապացույցը, միջնորդել են դատարանին, որն ապացույցը պահանջել է համապատասխան մարմնից, ներկայացրել է իրենց: Դատարանն ապացույցը տրամադրելիս ուղեկցական գրություն չի գրել, ինչն էլ պատճառ է դարձել, որ քննչական մարմիինն այն համարի անօրինական ձեռք բերված ապացույց եւ քրեական գործ հարուցվի այդ փաստով:
«Երկու տարի մի քանի քննիչ փոխվեցին, երկու տարվա մեջ մի քառասուն անգամ ինձ հարցաքննել են: Ես ամիսը մեկ գնում էի հարցաքննության, ասում էի՝ ես ի՞նչ մեղք ունեմ, որ դատավորը չի գրել ուղեկցական գրություն, դատարանն է ինձ տրամադրել ապացույցը: Իմ մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, ոչ մեկին չեն հարցաքննել, ոչ դատավորին, ոչ տեղի աշխատակիցներին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Քննիչը կարճել է փաստաբանի դեմ հարուցված քրեական գործը, սակայն դատախազի որոշմամբ վերացվել է կարճման մասին որոշումը: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ այդ ամենն արվում է իր փաստաբանական գործունեության պատճառով:
«Ուզում են ցույց տալ, որ մենք դատախազներս կարացանք Նիկոլայ Բաղդասարայնին ենթարկել քրեական պատասխանատվության: Եթե մենք կոլեգաներով լռենք, հնարավոր է՝ շարունակեն փաստաբանների նկատմամբ քրեական գործեր հարուցել, որովհետեւ անհնար է փաստաբանական գործունեությամբ զբաղվել ու չփնտրել ապացուցյներ, չհրապարակել դրանք ու չտեղեկացնել հանրությանը ապօրինությունների մասին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի քննությունը կայանում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կայացավ առաջին դատական նիստը, Նիկոլայ Բաղդասարյանը եւ նրա փաստաբաններն իրենց փաստարկները ներկայացրին դատարանին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 15-ին:





























