Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն արդեն ստացել է դերասան Վարդան Պետրոսյանի աշխատանքային պայմանագիրը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին վարչության լրատվական բաժնից:
Լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ պայմանագիր են ստացել «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնից, այն կուսումնասիրվի եռօրյա ժամկետում, որից հետո համապատասխան որոշում կկայացվի:
Նշենք, որ դերասան Վարդան Պետրոսյաննն այսուհետեւ պատիժը կկրի բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալու ՔԿՀ–ից եւ մինչեւ 20։00–ն պետք է կրկին ներսում լինի:
Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք է ունենալու, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որից երեք տարին կկրի բաց ռեժիմով։





























