Հայաստանի իշխանությունները ամեն կերպ ուզում են մոռացության մատնել Հայաստանի անկախությունը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԿԲ նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանը:

Որպես օրինակ նա նշեց այն փաստը, թե Հայաստանի իշխանությունները հրաժարվել են դահլիճ տրամադրել Հայաստանի Անկախության հռչակագրի 20-ամյակը նշելու համար:

«Ես ցավով եմ սա ասում: Սա լավագույն վկայությունն է, թե ինչպես են իշխանությունները վերաբերում անկախությանը»,- նշեց Բագրատ Ասատրյանը: Վերջինս նաեւ դասավանդում է Երեւանի պետական համալսարանում, եւ որպես ցավալի փաստ արձանագրեց այն հանգամանքը, որ ուսանողների միայն 10 տոկոսն է տեղյակ Անկախության հռչակագրից:

Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 23-ին լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 20 տարին: Ուղիղ 20 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով սկիզբ դրվեց անկախության գործընթացին: Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն (կրճատ` Հայաստան), իսկ հաջորդ օրը` օգոստոսի 24-ին ընդունվեց դրոշի մասին օրենքը, որով Հայաստանի պետական դրոշ ճանաչվեց եռագույնը:

1990-ի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստում Անկախության հռչակագրի տեքստը կարդաց Արամ Մանուկյանը, ով այսօր ՀՀՇ վարչության նախագահն է:

Իսկ արդեն մեկ տարի անց` 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի մասնակիցների 94,99 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը: