Դեպի Անթալիա տուրեր կազմակերպող Cascade Travel-ն ու Go Travel տուրիստական ընկերություններն այս պահին տուրիստներ չունեն Անթալիայում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին այդ ընկերություններից՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Անթալիայում սեպտեմբերի 8-ին այրել են քրդական խանութներ եւ հյուրանոցներ:
Նրանց խոսքով՝ հայերն Անթալիա են մեկնում ամռան ամիսներին, իսկ սեպտեմբերին որպես կանոն հաճախորդներ չեն լինում: Մեկ այլ ընկերությունից էլ մեզ հայտնեցին, որ իրենք այս տարի միայն մեկ հաճախորդ ունեն, որը սեպտեմբերի 10-ին պատրաստվում է մեկնել Անթալիա:
Մեր զանգահարած «Գարդման տուր», «Բագրատտուր» եւ «Էկզոտիկ Թրավել» տուրիստական ընկերություններից էլ հայտնեցին, որ իրենք այս տարի ընդհանրապես տուրեր չեն կազմակերպել դեպի Անթալիա:
Նշենք, որ հասարակությունը բացասաբար է վերաբերում հայերի՝ Անթալիայում հանգստանալու փաստին: Թերեւս սա է պատճառը, որ մեր տուրիստական գործակալությունների մի մասը հրաժարվում է Անթալիա տուրեր կազմակերպել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Անթալիայում այրվել են քրդերին պատկանող շինություններ, այդ թվում առեւտրի կենտրոններ եւ հյուրանոցներ:




























