Երկրագնդի ցանկացած բնակիչ պետք է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերի շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ: Այդ մասին Գերմանիայում հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Աշխատանքային այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԳԴՀ շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Բարբարա Հենդրիքսի եւ նախարարության ներկայացուցիչների հետ:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները եւ հեռանկարները՝ մասնավորապես անդրադառնալով Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման եւ Կլիմայի փոփոխության ոլորտում ծրագրերի իրականացման հեռանկարներին:
Հանդիպման ավարտին նախարար Հենդրիքսը քննարկված հարցերի շուրջ Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գերատեսչությունների միջեւ համագործակցությունն առավել ակտիվացնելու եւ նոր մակարդակի հասցնելու վերաբերյալ:
Այցի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված խորհրդարանական երեկո, որին մասնակցել են ԳԴՀ խորհրդարանի, համապատասխան գերատեսչությունների, Գերմանիայում ՀՀ դեսպանության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երեկոյի ընթացքում ողջունելով Գերմանիայի բնության պահպանության միության /NABU/ եւ Գերմանիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառման բոլոր մասնակիցներին՝ նախարար Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. «Շրջակա միջավայրի պահպանության ոլորտը յուրաքանչյուր պետության եւ լայն հասարակայնության ուշադրության կենտրոնում է: Երկրագնդի ցանկացած բնակիչ պետք է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերի շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ: Այս ոլորտում կարեւորագույն դեր ունի պետությունների կողմից որդեգրված բնապահպանական անվտանգության քաղաքականությունը եւ պետությունների միջեւ համագործակցությունը: Դեռեւս 2000 թվականից ՀՀ բնապահպանության նախարարությունը արդյունավետ համագործակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ եւ ընդգրկված է Գերմանիայի Կառավարության «Կովկասյան նախաձեռնության» գործընթացում: Նախարարությունը մասնակցում է Գերմանիայի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերում եւ նախաձեռնություններում:
Գերմանիայի աջակցությամբ Հայաստանում իրականացվել եւ ներկայում էլ իրականացվում են մի շարք խոշոր բնապահպանական ծրագրեր: Եվս մեկ անգամ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության անունից արդյունավետ եւ շարունակական համագործակցության համար երախտագիտությունս հայտնել Գերմանիայի բնության պահպանության միությանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարությանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերությանը եւ Գերմանական զարգացման բանկին»:





























