Իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցում, նրա առողջական վիճակը վերջին օրերին վատացել է։ NEWS.am-ի հետ զրույցում Սողոման Քոչարյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը նշեց, որ չնայած Սողոմոն Քոչարյանի առողջական ծանր վիճակին` քրեակատարողական վարչությունը դանդաղկոտություն է ցուցաբերում:
«Սրտի իշեմիկ հիվանդությամբ է տառապում, հիվանդությունը ծանր է, և այդ հիվանդությունը տեղ է գտել Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում»,-ասաց Գրիշա Բալասանյանը:
Գրիշա Բալասանյանը նշեց, որ այս պահին կան բոլոր հիմքերը, որպեսզի Դատաբժշկական սոցիալական հանձնաժողովը նիստ գումարի և տա հատուկ եզրակացություն՝ արդյոք Սողոմոն Քոչարյանը ի վիճակի է հետագայում կրել պատիժը, թե ոչ:
«Պատժի հետագա կրումից ազատելու գործընթացի մասին այժմ ոչինչ չեմ կարող ասել: Դատաբժշկական սոցիալական հանձնաժողովը պետք է հատուկ նիստ գումարեր և եզրակացությունը ներկայացներ դատարան, քանի որ կան բոլոր հիմքերը: Բժշկական ախտորոշումներով հաստատվել է, որ Քոչարյանի հիվանդությունը ծանր է, և այդ հիվանդությունը տեղ է պատժի կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 20-ին «Էրեբունի» ԲԿ-ից Սողոմոն Քոչարյանի մորը տրամադրվել է որդու ախտորոշումը: Ըստ այդմ, 20 տարի անազատության մեջ գտնվող, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անևրիզմա, հիվանդ է նաև կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա է պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:
Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից:





























