Ոստիկանության աշխատակիցները  պարբերաբար հետապնդում են «Ոչ Թալանին» նախաձեռնության անդամներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Ռիմա Եղիազարյանը:

«Արդեն սովորույթ է դարձել յուրաքանչյուր հավաքից առաջ, ոստիկանության աշխատակիցները, կամ հարևաններից են հարցուփորձ անում մեր մասին, կամ թաղայինները այցելում են «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների բնակարաններ, անհասկանալի ինչ–որ հարցեր են տալիս»,- նշեց Ռիմա Եղիազարյանը։

Նախաձեռնության անդամի կարծիքով` ոստիկանությունը սեպտեմբերի 11–ից հավաքին ընդառաջ պարզապես ցանկանում է «հիշեցնել իրենց գոյության մասին»:

«Ուզում են հիշեցնել իրենց գոյության մասին կամ ցանկանում են զգուշացնել, որ մեզ հետևում են: Նպատակ չկա, միշտ նույն կերպ տվյալներ են վերցնում: Ուղղակի ուզում են ճշտեն` կանք, թե ոչ»-հավելեց Ռիմա Եղիազարյանը:

Նախաձեռնության  անդամ Արտուշ Չիբուխչյանն էլ կարծում է, որ  ոստիկանությունը այդ կերպ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել:

«Ուղղակի փորձում են վախի մթնոլորտ ստեղծել: Ինչ որ ձև փորձում են կասեցնել այս պրոցեսը, որ նոր է սկսվել»,-ասաց նախաձեռնության անդամը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11–ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը անցկացնելու է մեծ հավաք–երթ Ազատության հրապարակում։