Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստների խումբը փորձել է իշխանությունների կողմից չարտոնված բողոքի ցույց կազմակերպել Բաքվում ՌԴ դեսպանատան դիմաց։
Ակցիայի մասնակիցները փորձել են այրել Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները, սակայն ոստիկանության աշխատակիցները խանգարել են նրանց եւ վերցրել դրանք, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Նրանք 30 ակտիվիստների արգելել են մոտենալ դեսպանատանը։
Ոստիկանությունը նրանցից միայն մեկին է թույլ տվել ռուսական դեսպանատան ներկայացուցչին հանձնել ցույցի բանաձեւը։ Դրանում նշվել է, որ «Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ռազմական բնույթի պայմանավորվածությունները վնասում են Ռուսաստանի՝ որպես ԼՂ խնդրի կարգավորման անկողմնակալ միջնորդի հեղինակությանը», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում կնքվել էին հինգ միջպետական պայմանագրեր, որոնցից հիմնականները Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության երկարաձգման եւ Մեծամորի ԱԷԿ-ի նոր էներգոբլոկի շինարարության վերաբերյալ պայմանագրերն են եղել: Դմիտրի Մեդվեդեւը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ ծաղկեպսակ դրել Ծիծեռնակաբերդում, ինչպես նաեւ Գյումրիում մասնակցել է ռուս զինվորների հիշատակին նվիրված «Պատվո բլուր» հուշակոթողի բացման արարողությանը։



























