Թուրքիայի վարած քաղաքականությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ այդ երկրի իշխանությունները մտադիր չեն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Այս մասին սեպտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ «Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի» ղեկավար Կիրո Մանոյանը՝ նշելով, որ թուրքական իշխանությունները բռնել են սեփական հասարակության մասնատման ուղին։
Թուրքիայի հակաքրդական քաղաքականությունը հարված է հասցնում նաեւ Թուրքիայի այլ ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին։ «Հայտնի չէ, թե որքան հեռու կգնան թուրքական իշխանությունները, սակայն ավելի լայնածավալ ռազմական գործողությունների վտանգը չի կարելի բացառել»,- նշեց Մանոյանը։
Նրա գնահատմամբ՝ լարվածությունը սրվում է, քանի որ դա թուրքական իշխանությունների նպատակն է։ Մանոյանի կարծիքով Թուրքիան իրականում ոչ միայն չի պայքարում ԻՊ-ի դեմ, այլ նաեւ շարունակում է աջակցել նրան՝ հարվածելով այդ կազմակերպության դեմ պայքարող ուժերին։





























