Չեմ կարող վստահորեն ասել, արդյո՞ք Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կկիրառվեն, սակայն պարզ է, որ հրադադարի հաճախակի խախտումներն ու այն ամենը, ինչ ներկայում տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, անընդունելի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական խմբի համանախագահ Ֆրանսուա Ռուշբլուանը՝ անդրադառնալով Ադրբեջանի Միլի Մեջլիսի՝ այդ երկրում մարդու իրավունքների վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի շուրջ արձագանքին:
Ֆրանսիացի խորհրդարանականը հիշեցրեց, որ վերջերս ֆրանսիական հեռուստակայաններից մեկը (TV2) հաղորդում է հեռարձակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի եւ բռնատիրության մասին: «Այդ հաղորդումն այնքան է վիրավորել Ադրբեջանին, որ նրանք դատական հայց են ներկայացրել ֆրանսիական հեռուստաալիքի դեմ»,- նշեց Ֆրանսուա Ռոշբլուանը:
Հարցին, որ պատժամիջոցներ կիրառելու դեպքում Ադրբեջանը հայտարարել է իր տարածք Եվրախորհրդարանի անդամների մուտքն արգելելու հնարավորության մասին, պատգամավորը պատասխանեց. «Եթե նրանք պատրաստվում են արգելել իրենց տարածք մուտքը ոչ միայն այն մարդկանց, որոնք, ինչպես ես, եղել են Լեռնային Ղարաբաղում, այլեւ բոլոր եվրոպացիների, ապա դա, մեղմ ասած, ամենավատ գովազդը կարող է լինել երկրի համար, եւ այդպիսով նրանք կցուցադրեն իրենց իրական դեմքը»:
Անդրադառնալով հարցին, որ եվրոպական կառույցները, մասնավորապես՝ Եվրամիությունն ու Եվրախորհուրդը, կարող են ազդել ադրբեջանական ղեկավարության վրա, Ֆրանսուա Ռոշբլուանը նշեց. «Չեմ ցանկանում սին խոստումներ տալ, բայց հույս ունեմ, որ Եվրախորհուրդը կարող է ազդել Ադրբեջանի վրա, քանի որ ԵԽ-ի գործառույթների մեջ է մտնում որոշակի առաջարկներով հանդես գալը: Հույս ունեմ, որ մի օր Ադրբեջանն իսկապես ժողովրդավարական պետություն կդառնա, քանի որ ներկայում այն կլանային պետություն է՝ Ալիեւ-ավագի, Ալիեւի կնոջ եւ նրանց երկու դուստրերի տեսքով: Այսօր ես իմացա, որ Բաքվում անցկացված Եվրոպական խաղերի ժամանակ որոշումները կայացրել է տիկին Ալիեւան, ինչն անընդունելի է, քանի որ դրա համար համապատասխան միջազգային գործընթացներ կան»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանն Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը դատապարտող հայտարարություն է ընդունել:
Ադրբեջանի Միլի Մեջլիսը, իր հերթին, «2015 թվականի սեպտեմբերի 10-ի Եվրախորհրդարանի բանաձեւի հետ կապված Ադրբեջանի Միլի Մեջլիսի որոշում» անվանումով փաստաթուղթ է ընդունել, որում, մասնավորապես, նշվում է Ադրբեջան Եվրախորհրդարանի անդամների մուտքն արգելելու մասին՝ Ադրբեջանի պատասխանատու անձանց դեմ պատժամիջոցներ կիրառելու դեպքում:





























