Հայաստանի սահմանամերձ Բերդավան գյուղում բնակվող 14-ամյա Ադելան, որի մոտ օրերս ուռուցք է հայտնաբերվել,  մինչեւ Մոսկվայում վիրահատության մեկնելը, Երեւանում վիրահատության կենթարկվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ադելայի մայրը՝ Սոնա Ազատյանը: Նա նշեց, որ Ադելան արդեն 6 օր է ոչինչ չի կարողանում ուտել, որպեսզի ինչ-որ չափով կարողանա սնվել եւ մի քիչ կազդուրվել մինչեւ Մոսկվայում բարդ վիրահատության ենթարկվելը, այստեղ հեռացնելու են ողերի տակ գտնվող գոյացության 10 տոկոսը, որը սեղմելով կոկորդը, թույլ չի տալիս աղջկան սնվել:  Սոնա Ազատյանը նշեց, որ այսօր 14-ամյա աղջիկը հետազոտությունների կենթարկվի, որից հետո վիրահատության հստակ օրը հայտնի կլինի:

Ադելայի մայրը տեղեկացրեց, որ աղջիկը Ալավերդու բժշկական կենտրոնում  մոտ 2 ամիս առաջ նշիկների վիրահատության է ենթարկվել, նրա խոսքով՝ բժիշկը գոյացությունը չէր կարող  նկատել, քանի որ այն գտնվում է ոչ թե կոկորդում, այլ ողերի տակ, որն էլ  սեղմում է կոկորդը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադելային շտապ վիրահատություն է հարկավոր Մոսկվայում, որը կարժենա 15 000 դոլար։ Մայրը, որը միայնակ է մեծացնում աղջկան, վճարունակ չէ։ 3000 դոլար հատկացրել է Առողջապահության նախարարությունը, իսկ սեպտեմբերի 15-ին Երեւանում տեղի ունեցած դրամահավաքի արդյունքում  ընդամենը հավաքվել է 600 դոլար:

Թեեւ սահմանամերձ բերդավանցիները հիմնականում սոցիալապես անապահով են, բայց ամեն մեկն իր կարողության չափով փորձում է օգնել աղջկան։  Բերդավանում սեպտեմբերի 15-ին նույնպես դրամահավաք է անցկացվել։

Ադելային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Converse Bank-ում բացված հաշվեհամարներին`

Ազատյան Սոնա

1930055397160100-AMD

1930055397160101-USD

1930055397160158-RUR

Կամ զանգահարել Ադելայի մոր հեռախոսահամարին՝ 098 12 54 13: