Հայաստանում սոցիալական պայմանների պատճառով 2013-2014 ուսումնական տարում ուսումն անավարտ թողած դպրոցականների թիվ 143-ն է, որից 18-ը՝ աղջիկ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԳՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից:

Ըստ վիճակագրական տվյալների՝ սոց. պայմանների պատճառով ամենաշատը ուսումը կիսատ են թողել Արմավիրի մարզում՝ 45 երեխա, ամենաքիչը Արագածոտնի մարզում՝ 2 երեխա:

Կան դպրոցականներ, որոնց ծնողները թույլ չեն տվել շարունակել ուսումը. այդպիսի 59 երեխա կա, որից 15-ը՝ աղջիկ:

Սյունիքի մարզում էլ 1 դպրոցական ուսումը կիսատ է թողել՝ լսողական խնդիրների պատճառով: Ի դեպ, այդ դպրոցականը 17 տարեկան է:

Համեմատության համար նշենք, որ 2012-2013թթ. ուս տարում սոցիալական պայմանների պատճառով ուսումը չեն շարունակել 275 երեխա, 182 երեխա էլ ծնողները թույլ չեն տվել հաճախել դպրոց:

2014-2015թթ. տվյալները, ըստ կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի, ներկայացվելու են այս տարեվերջին:

«Մենք հավաքագրում ենք այն տվյալները, երբ երեխան գոնե մեկ անգամ դպրոց է հաճախել, այսինքն կարող են լինել նաեւ երեխաներ, որոնց ծնողներն ընդհանրապես դպրոց չեն ուղարկում: Այժմ մենք փորձում ենք նաեւ այդ տվյալները հավաքագրել: Բացի դրանից՝ ներդնում ենք դպրոցի կառավարման տեղեկատվական համակարգ, եւ արդեն տարեվերջին կունենանք ամենօրյա ռեժիմով երեխաների շարժը»,- ասաց Արտակ Պողոսյանը: