Երեւանում օգոստոսի 31-ին մահացած սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանի աճյունափոշին Բեյրութից տեղափոխվել է Հայաստան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Հովնանյան Ինթերնեյշնլ» ընկերությունից:

Իսկ թե որտեղ է ամփոփվելու Հովնանյանի աճյունափոշին, ընկերությունից չհայտնեցին՝ նշելով, որ տեղը դեռ որոշված չէ, եւ դրա վերաբերյալ հավելյալ հաղորդագրություն կտարածեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովնանյանին վերջին հրաժեշտը տվել են Երեւանում, այնուհետեւ նրա մարմինը տեղափոխել են Բեյրութ, որտեղ` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում տեղի է ունեցել նրա հոգեհանգստի եւ վերջին հրաժեշտի արարողությունը:

Հիշեցնենք, որ Վահագն Հովնանյանը ծնվել է 1932թ. փետրվարի 16-ին Իրաքում: Նա 1959թ. հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969թ.՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ 1998 թվականից Վահագն Հովնանյանը «Հովնանյան Ինթերնեյշնլ» եւ «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահն է: Նույն թվականին նա Երեւանում կառուցել է Վահագնի թաղամասը:

Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը։