Ադրբեջանում հուսով են, որ Գյումրիում ռուսական առզմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագիրը բացասաբար չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

«Ռուսաստանի պաշտոնատար անձինք պնդում են, որ Հայաստանի հետ ստորագրված պայմանագիրը բացասաբար չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»,- ասել է կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը, հաղորդում է Trend-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ռուսական կողմից համաձայնագիրը ստորագրել էր ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, իսկ հայկական կողմից` ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ արձանագրության (25-րդ հոդված), ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա առնվազն 49 տարի, նախկին 25 տարվա փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, պետք է ապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակների համար Հայաստան պետք է առաքվեն «ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներ, ռազմական (հատուկ) տեխնիկա»: