Արմավիրի մարզի Պտղունք գյուղի դպրոցի շինարարությունը ձգձգվում է: Այս մասին NEWS.am-ին ասաց Պտղունքի գյուղապետ Կարապետ Աթենյանը:

«Դպրոցը պետք է կառուցվի Ասիական բանկի ծրագրով: Նախագիծը պատրաստ է, ինքս էլ հաստատել եմ, Ասիական բանկը ասել էր, որ փոփոխություններ արվեն նախագծում, դրանք արվել են, հիմա սպասում ենք, որ հաստատվի փոփոխված նախագիծը: Ես օգոստոսին զանգահարեցի Կառավարություն, ասեցին՝ արձակուրդ է, սեպտեմբերին, հիմա էլ սեպտեմբերն է, բայց ոչ մի լուր չկա: Նախագիծը կա, բայց շինարարությունը ձգձգվում է»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ իրեն խոստացել են մինչեւ աշուն սկսել շինարարությունը: 

Գյուղապետը նշեց, որ դպրոցի շինության քարուքանդ լինելու պատճառով աշակերտների թիվը զգալիորեն պակասել է, գյուղի աշակերտների մի մասը  հաճախում է կամ հարեւան գյուղերի, կամ Էջմիածնի դպրոցներ:

«Գյուղից 100 երեխա գնում է ուրիշ դպրոցներ: 17 երեխա ունենք առաջին դասարան գնացող, այնինչ եթե նորմալ վիճակում լիներ դպրոցը, 30 առաջին դասարանցի կունենայինք»,- ասաց գյուղապետը:

Դպրոցի շինարարությունը կտեւեի 1.5-ից 2 տարի: Մինչեւ այդ աշակերտները ստիպված կլինեն եւս մեկ ձմեռ անցկացնել դպրոցի կիասախարխուլ շենքում, որը կառուցվել է 1948թ. եւ վերանորոգվել մեկ անգամ՝ 90-ականներին : NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրենը՝ Սիլվա Մկրտումյանը, նշեց, որ այս ձմեռ էլ մի կերպ կփորձեն դիզվառելիքով տաքացնել շենքը:

«Ֆիզիկապես մաշվում է դպրոցը: Ձմռանը ուսուցիչները, աշակերտները ձեռնոցներով, վերարկուներով մի կերպ կանցկացնեն դասերը, երեխեքը դմփիկներ կբերեն իրենց հետ: Մնում է՝ առնետներ նորից չլինեն: Դպրոցի կողքին անասուններ էին պահում, հիմա տարել են էդտեղից, առնետներ առայժմ չկան»,- ասաց տնօրենը:

Սիլվա Մկրտումյանի խոսքով՝ չնայած շենքային վատ պայմաններին, ամեն տարի իրենց շրջանավարտների մեծ մասն ընդունվում է պետական բուհեր, դպրոցի աշակերտները մասնակցում ու լավ ցուցանիշներ են ունենում նաեւ դպրոցական օլիմպիադաներին: