«Լուսավոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը կուսակցություն կդառնա այն ժամանակ, երբ պատրաստ կլինեն համագումարին: Այս մասին Ազգային ժողովում մեզ հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն էլ նախաձեռնության հեղինակն է:
Նրա խոսքով՝ իրենց նախաձեռնությանն անդամագրվել են տարբեր քաղաքացիական շարժումների անդամներ, որոնց առաջիկայում հնարավոր է տեսնել նախաձեռնության հոլովակներում:
«Մեզ միացել են մարդիկ, որոնք մեզ հետ համակարծիք են, էական չէ, թե որ շարժումից են, մեզ համար էական է, որ լինեն մաքուր կեսագրությամբ մարդիկ»,- ասաց նա:
Մեր հարցին, թե «Լուսավոր Հայաստանը» մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Մարուքյանը պատասխանեց. «Եթե քաղաքական ուժ ենք, ապա պետք է մասնակցենք բոլոր համապետական ընտրություններին»:




























