Նախորդ ուսումնական տարում Հայաստանի պետական հանրակրթական դպրոցներում աշխատել է 1204 թոշակառու ուսուցիչ:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն՝ միայն Երեւանում աշխատել է 523 թոշակառու ուսուցիչ:

Ի դեպ, 2013-2014թթ. աշխատող տարեց ուսուցիչների թիվն ավելի փոքր է եղել՝ 1116:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ ուսուցիչների համար տարիքային սահմանափակում չկա:

«Այդ տարիքի ուսուցիչները բացառիկ են, հատուկենտ: Որպես կանոն՝ տնօրենները պահում են այն մասնագետներին, որոնք լավն են եւ փոխարինող չունեն: Օրինակ՝ դասվարի տարիքն արդեն 65-ից բարձր է, մրցույթ է հայտարարվում, սակայն տնօրենն այդպես էլ չի կարողանում գտնել փոխարինողի, հին դասվարը շարունակում է աշխատանքը»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ տարիքային սահմանափակում կա միայն տնօրենների համար: