ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը առաջարկում է պատժամիջոցային ցուցակի ապրանքները եւ կեղծված ապրանքները ոչնչացնել ոչ միայն պետության սահմանին, այլ նաեւ երկրի ներսում։
«Մենք պետք է պաշտպանենք մեր բարեխիղճ արտադրողներին նրանցից, ովքեր ոչ շուկայական մեթոդների են դիմում։ Առաջարկ կա պատժամիջոցային ցուցակի ապրանքները ոչնչացնել ոչ միայն պետության սահմանին, այլ նաեւ երկրի ներսում»,- հայտարարել է նախարարը Ռուսաստանի եւ Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության 12-րդ ֆորումի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղզստանի գյուղատնտեսության նախարարությունները եւ մենք ցանկանում ենք հոկտեմբերին Մոսկվայում կայանալիք «Ոսկե աշուն» ցուցահանդեսի շրջանակներում նման համաձայնագիր ստորագրել եւ այսօր դիմել կառավարություններին, որպեսզի նրանք գյուղատնտեսության նախարարություններին լիազորեն երկրի ներսում եւ սահմանին ոչնչացնել պատժամիջոցային, անորակ մթերքները։ Անհրաժեշտ է, որպեսզի Մաքսային միության բոլոր անդամները տան իրենց համաձայնությունը»,- ասել է Տկաչովը։




























